1 Corinthians 16
1 Երուսաղեմի հավատացյալների համար կատարվող հանգանակության համար դուք և՛ս արեք այնպես, ինչպես պատվիրեցի գաղատացիների եկեղեցիներին։
2 Ամեն կիրակի ձեզնից յուրաքանչյուրը թող մի կողմ դնի այն խնայողությունը, որ կարողացել է հավաքել,
3 որպեսզի հանգանակություններ չարվեն այն ժամանակ, երբ ես գամ։ Այլ երբ գամ, ձեր ընտրած մարդկանց նամակներով ուղարկեմ՝ ձեր երախտագիտության նվերները Երուսաղեմ տանելու։
4 Իսկ եթե հարմար լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։
5 Երբ անցնեմ Մակեդոնիայով, ձեզ մոտ կգամ, որովհետև Մակեդոնիայով եմ միայն անցնելու։
6 Եթե պատահի, ձեզ մոտ կմնամ կամ նույնիսկ կձմեռեմ, որպեսզի դուք ճանապարհեք ինձ, ուր որ գնալու լինեմ։
7 Չեմ ուզում ձեզ հիմա անցողակի տեսնել. հույս ունեմ որոշ ժամանակ մնալ ձեզ մոտ, եթե Տերը թույլ տա։
8 Բայց առայժմ մնում եմ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը,
9 քանի որ մեծ ու կարևոր դուռ է բացված ինձ համար, իսկ հակառակորդները շատ են։
10 Արդ, եթե Տիմոթեոսը գա, արե՛ք այնպես, որ առանց վախի մնա ձեզ մոտ, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։
11 Ոչ ոք նրան թող չարհամարհի, ընդհակառակը, նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա, որովհետև եղբայրների հետ նրան եմ սպասում։
12 Ինչ վերաբերում է Ապողոս եղբորը, շատ խնդրեցի նրան, որ եղբայրների հետ գա ձեզ մոտ, բայց ամենևին ցանկություն չունի հիմա գալու, այլ կգա, երբ հարմար ժամանակ գտնի։
13 Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։
14 Ինչ որ անեք, սիրո՛վ արեք։
15 Ճանաչում եք Ստեփանոսի ու Փորտունատոսի ընտանիքը, որ Աքայիա նահանգի առաջին պտուղներն են և իրենց նվիրեցին հավատացյալների ծառայությանը։ Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր,
16 որ դուք ևս հնազանդ լինեք այդպիսիներին և բոլոր նրանց, ովքեր գործակից ու ծառայակից են նրանց։
17 Ուրախ եմ Ստեփանոսի, Փորտունատոսի ու Աքայիկոսի գալու առիթով, որովհետև նրանք ձեր բացակայության պակասը լցրին,
18 քանի որ հանգստացրին իմ և ձեր հոգիները։ Արդ, գնահատե՛ք այդպիսիներին։
19 Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Ձեզ շատ ողջունում են Տիրոջով Ակյուղասն ու Պրիսկիղան, ինչպես նաև այն եկեղեցին, որ նրանց տանն է հավաքվում։
20 Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները։ Ողջո՛ւյն տվեք միմյանց սուրբ համբույրով։
21 Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է գրված։
22 Եթե մեկը չի սիրում Տեր Հիսուսին, նզովյալ թող լինի։ Մարան աթա. արի՛, Տե՜ր։
23 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
24 Եվ իմ սերը ձեր ամենքի հետ Քրիստոս Հիսուսով։ Ամեն։